Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ահազանգ զգաստության, վերաճանաչման, վերահաստատման

Ահազանգ զգաստության, վերաճանաչման, վերահաստատման
20.03.2009 | 00:00

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Չկա ավելի մեծ իմաստություն, քան հոգևոր իմաստությունը, որի գագաթնակետն Աստծո հավատքն է: Եվ ոչ թե ազգը պահպանելու համար է պետք պահպանել հավատքը տիեզերական, հավերժական ճշմարտության հանդեպ, այլ հավիտենական կյանքի հավատքով, այդ կյանքն ապահովելու համար, իբրև առաջնային ուղիներից մեկը՝ պետք է պահպանել ազգը, տվյալ դեպքում՝ հայ ազգը, հայկական պետականությունը:
Ազգը փորձաքարն է հավիտենական կյանքի ուղու: Հայերի համար հավիտենական կյանքի անցագրերը հայկական դրոշմ ունեն, որ անհնար է զեղծել՝ առանց հարվածի տակ դնելու հավիտենական կյանքին արժանանալու իրենց հնարավորությունը: Հային հայությանը կապող հիմնական ուժը հոգու պարտքի զգացումն է եղել. անմահ հոգու պարտքի՝ տիեզերական հավիտենականության մեջ: Այս ճշմարտության գիտակցումը և դրանից բխող անեղծ հավատքի վրա հիմնված ազգային ինքնագիտակցությունն ու պարտաճանաչությունը եղել են ու կմնան հայապահպանման հզոր գործոններ ժամանակի ու տարածության մեջ:
Հայ ազգի համար որպես այս հավատքի էության բովանդակություն եղել է քրիստոնեությունը: Հայությունն այսօր հոգևոր իմաստության մեկ ակունք ունի միայն՝ քրիստոնեություն կամ... ոչինչ, պարապություն: Այս հանգամանքը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով՝ կմոտենանք հոգևոր իմաստության ակունքին: Եվ դա է ազգի գոյատևման առաջնային անհրաժեշտ պայմանը, քանզի... առանց հոգևոր իմաստության ազգն անկարող է ունենալ ազգային պետականություն:
Հոգևոր իմաստությանն անհաղորդ ազգն անկարող է ինքնիշխան ու ազատ լինել. սպասավոր, թերևս: Սակայն բնականոն կյանք, այսինքն` ազգապետություն կերտելու համար ամուլ է այն ազգը, որն իբրև ներքին ուժականություն ունի երկու ծայրահեղորեն տարբերվող մտայնություն. մեկը՝ ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենաառաքինի, ամենաաշխատասեր, ամենատառապած, ամենաքաջ և այլն, և այլն ազգ լինելու մտայնությունը, մյուսը՝ որպես ծառայամիտ սպասավոր, հավատարիմ ու օգտակար ծառա կոչված լինելու մտայնությունը: Այս ճշմարտության գիտակցությունն իբրև ուսմունք պիտի լինի մեր ազգային-պետական քաղաքականության փիլիսոփայության հիմքում, որպեսզի մենք նախ` արժանի լինենք և հետո` կարողություն ունենանք կառուցելու մեր իրապես ազգային, կայուն և կենսունակ պետականությունը:
Մարդկության պատմությանը հայտնի՝ ազգային պետականության ստեղծման ամեն մի շարժում ունեցել է և պիտի ունենա իր գաղափարական հիմքը: Ո՞րն է չափանիշը` որոշելու, թե որդեգրված գաղափարն իսկապես այն միակն ու ճշմարիտն է, որը կոչված է և կարող է տվյալ շարժման հիմքը հանդիսանալ. հիմք՝ մշտական և իրական, տվյալ շարժման հուսալի հենարանը: Ամենաէական չափանիշը, ըստ ամենայնի, գաղափարի տարողությունն է: Այսինքն` գաղափարը բոլոր դեպքերում պետք է անհամեմատ ավելի մեծ ընդգրկում և արժեք ունենա, քան նրա վրա հենվող շարժումը: Ամեն անգամ, երբ շարժման նպատակն արժևորվում է ավելի, քան ինքը՝ գաղափարը, շարժման գաղափարական հիմքը թուլանում է. իրական հիմքը փախչում է շարժման տակից, և ժամանակի ընթացքում շարժումն աստիճանաբար երևում է իր իսկական տեսքով՝ օդից կախված, այսինքն՝ կենսագործման իրական նախադրյալներից զուրկ:
Գաղափարի կորստի այս քաղաքական իրադրությունն է, որ սովորաբար որակում են իբրև «անբախտություն», «անփորձություն», երբեմն՝ «դավաճանություն», «ներքին երկպառակությունների արդյունք», իսկ հաճախ էլ այլ ազգերի շահամոլություն, խաբեբայություն, դաժանություն և այլն: Իրականում պատճառներն անհամեմատ լուրջ են ու խոր:
Սկսենք նրանից, որ հայ ազգային պետականության կառուցման գործընթացի մասնակիցն իբրև իր էության անկապտելի մաս, իբրև միս ու արյուն պետք է ունենա հավատք՝ հավիտենականության մեջ անմահ հոգու արդար, այսինքն՝ իրեն արժանի հատուցման գաղափարի հանդեպ: Եթե չկա այս հավատքը, կամ եթե այն առկա է սոսկ որպես մտային պարտադրանք, այլ ոչ որպես կյանքի բոլոր հանգրվաններում կողմնորոշման, դիրքորոշման և վերաբերմունքի սկզբունքի հիմք, ապա տվյալ անհատի մասնակցությունը շարժմանը դառնում է պատահականորեն օգտակար՝ որոշ ժամանակաընթացքում և որոշ իրադրություններում, բայց վերջին հաշվով անտեղի ու անբավարար, քանզի այդպիսի անհատը, իր տալիքի պակասությամբ սոսկ տեղ զբաղեցնելով շարքերում, իր հավատազուրկ մասնակցությամբ ինքնաբերաբար տանում է շարժումը խորթ ու անծանոթ ճանապարհներով դեպի ճահիճ:
Հայության ներկա խնդիրը՝ որպես մի ամբողջ ազգի գոյության պահպանման և պետականորեն բնականոն զարգացման խնդիր, մարդկային իրականության բարդ և կարևոր շարժումներից մեկն է: Սակայն այդ շարժումը պատշաճ տարողությամբ, ճիշտ ուղղությամբ տանելու և մինչև վերջ հասցնելու գործն իր իսկ՝ հայության խնդիրն է առաջին հերթին: Ինչ մնում է մարդկությանը, ապա լավագույն դեպքում նրա բաժինը կարող է լինել լոկ օգնելը կամ չխանգարելը հայությանը՝ իր խնդիրը կատարելու: Իսկ ինչպե՞ս, ի՞նչ տեսանկյունից պետք է մոտենան խնդրին գլխավոր կատարողը` հայ անհատը և հայ հավաքականությունը՝ առավելագույն օգտակար մասնակցություն բերելու համար շարժմանը. արդյո՞ք իբրև անձնապես շահավետ մի գործի, թեկուզև դժվար ու վտանգավոր, բայց ինքնահաստատման կամ այլ անձնական բավականության հագուրդ տվող, կամ հաճելի ու թեթև և կամ հետաքրքիր ժամանց. թե՞ իբրև պարտքի, կրկնում ենք, իբրև Անմահ հոգու պարտքի՝ հավիտենականության առջև:
Առաջին մոտեցման դեպքում քիչ բան կարելի է սպասել շարժման մասնակցից, քանի որ նմանօրինակ շարժումները, քանի դեռ չեն հասել հաջողության, չեն ունեցել և չեն կարող ունենալ նյութական, բարոյական, դիրքի և հեղինակության հատուցումներ անհատական մասնակցության դիմաց: Նրանք չեն տվել նման բաներ, այլ պահանջել ու վերցրել են ժամանակ, նյութական միջոցներ, խանգարել են տնտեսական բարեկեցությանը, ընտանեկան երջանկությանը, որդիական և ծնողական պարտքի կատարմանը, մասնագիտական աճին և այլն: Հետևաբար, ստանալու, վերցնելու ակնկալություն ունեցող անհատը նման շարժմանը չի հարի, իսկ եթե թյուրիմացաբար հարել է, ապա հետ կքաշվի գործից, հենց որ զգա, թե կորցնելիքն ավելին է, քան ստանալիքը, կամ, որպես ավելի վնասակար վիճակ, կմնա շարքերում սոսկ ֆիզիկապես՝ լրացնելով քանակը, բայց ոչ ամենևին որակը:
Երկրորդ մոտեցման դեպքում տրամաբանորեն արդեն պատճառաբանված է տուրքը. մենք մեր պարտքն ենք տալիս, այլ ոչ թե նվեր: Եվ պարտքը տալիս ենք ոչ թե որպես ներդրում հանգիստ ծերության, ոչ թե 5-10-20 տարվա կյանքի հեռանկարով, այլ հավիտենական կյանքի անցագրի դիմաց: Եթե հավատում ենք սրան, եթե ընդունակ ենք հավատալու սրան, ուրեմն անկեղծ ենք՝ Հայկի, Մեսրոպի, մինչև երեկվա Վարդանների՝ մեր գնահատումներում և արժևորումներում: Ընդունակ չե՞նք, չե՞նք հավատում, կեղծավոր են, ուրեմն, մեր գնահատումները, և, հետևապես, ըստ մեզ, հիմարապատումներ են Ավարայրն ու Սարդարապատը, հիմարներ՝ ազգային հերոսները մեր...
Այսօրվա մեր մեծ մասամբ հավատազուրկ վիճակը ոչ միայն նսեմացնում, այլև, ավելին, ի չիք է դարձնում սուրբ երախտիքը մեր ամբողջ պատմության միլիոնավոր նահատակների ու այսօր նրանց կեցվածքը ժառանգած հազվագյուտ ընտրյալների: Ինչպե՞ս կարող ենք հարգել նահատակների հիշատակը, ինչպե՞ս կարող ենք կոչել հետևելու նրանց օրինակին, ում մոլորյալ պարզամիտներ ենք համարում մեր հոգու խորքում՝ ըստ մեր այսօրվա մտածելակերպի, դատողության ու մեր փաստացի կեցվածքի ու վերաբերմունքի: Ո՞Ւր մնացին հապա մեր գովերգած ազնվությունն ու ուղղամտությունը, որոնք փաստելու համար խոսքերի պակաս չենք զգում երբեք:
Իսկ եթե իսկապես անկեղծ ենք, եթե իսկապես ընդօրինակելի ենք համարում նախնյաց առաքինությունները, իմաստությունը, հանճարը, գործերն ու նվիրումը, ապա ինչո՞ւ մեր ազգային գոյության պայքարի քաղաքական փիլիսոփայությունը վերլուծելիս ոչ մի անգամ չենք հարցնում, թե ո՞րն էր նրանց այդ փիլիսոփայությունը սնող ակունքը, պայքարի քաղաքականության ավիշը: Չենք հարցնում, որովհետև, իբրև «լուսավորյալ» դարի զավակներ, ամաչում, երբեմն նույնիսկ վախենում ենք խոստովանել, թեկուզ ինքներս մեզ, որ հավատքն էր այդ ակունքը. Լուսավորչի, Մեսրոպի, Վարդանի, Շնորհալու, Նարեկացու, Սեբաստացու և նմանների հավատը՝ քրիստոնեությունը: Այնինչ պարտավոր ենք ընդունել այս ճշմարտությունը, քանզի այն փաստված է մարդկության պատմության ողջ ընթացքով:
Լինելով ուժեղ, ունենալով ուժերի ակնհայտ առավելություն, հարվածել-հաղթելը դժվարին խնդիր չէ: Բայց լինելով թշնամիներով շրջապատված, գտնվելով զորեղների շահերի բախման խաչմերուկում, օտար ու սեփական կրքերի հորձանուտում, լինելով ֆիզիկական ու բարոյական հարվածների թիրախ դարեր անընդմեջ և դիմանալ, ոչ միայն գոյատևել, այլև հարատևել, միաժամանակ ուժ և կարողություն գտնել՝ կերտելու ձեռակերտ և անձեռակերտ կոթողներ, գեղեցիկ ու վեհ արվեստ և գրականություն... Ներեցե՛ք, բայց սա ոչ միայն թույլ, այլև միջին ուժականության ազգային հավաքականության գործ չէ. սա հավատքով ու ոգով զորեղ ժողովրդի պատմություն է:
Որտեղի՞ց էր, ո՞ւր գնաց այդ ուժը, որից այժմ զրկված, ուժասպառ և մոլորված, գնալով տկարանում, թուլանում ու սպառվում ենք: Եվ ինչպե՞ս հետ բերենք այդ ուժը, արժանանանք դրան, որ դադարենք սեփական պարտքից փախչող, այսինքն՝ ոչ միայն անելիքներս ու տալիքներս, այլև ուրիշների տվածը գողացող, մեր տունը փչացնող, մեր կյանքը ապականող, միմյանց դեմ դավեր նյութող թշվառականներ դառնալուց. դադարենք ուրացող, արհամարհող և հաճախ նույնիսկ թշնամի լինելուց համամարդկային չափանիշներով անգամ արժեք ներկայացնող մեր ազգային արժեքների նկատմամբ. որ մաքրվենք, առողջանանք, իմաստնանանք և հզորանանք, աճենք, բարգավաճենք ու ընդմիշտ արժանի լինենք վայելելու մեր երկիրը, մեր ազատությունը, մեր լեզուն, մեր աստվածատուր տաղանդի հոգևոր ու ձեռագործ արդյունքները:
Ո՞Ւր է հասցրել մեզ այս ընթացքը և ո՞ւր է շարունակում տանել. ի՞նչ պետք է ասել և ի՞նչ պետք է անել, որ իրերն իրենց անուններով կոչվեն ի վերջո ու արժևորվեն ճշմարտորեն, և փնտրենք ու գտնենք իսկական հիմքերը և հենվենք նրանց վրա, որ ընթանանք ճիշտ ուղղությամբ, մեր դավանած արժեքներին պատշաճ մթնոլորտում, որից հետո ազգային ապահով, պատվավոր և բարգավաճ գոյության ապահովումը ժամանակի հարց կլինի միայն:
Սակայն մինչ այդ շատ կարևոր է, որ լրջորեն հաշիվ տանք մեզ, որ մեր ներկա ընթացքը հասցրել է մեզ ստրկության և շարունակում է տանել ստրկահոգության, այսինքն՝ բարոյական ու ֆիզիկական վախճանի: Որովհետև ստրկական վիճակը՝ իբրև ազգային, քաղաքական, ընկերային և տնտեսական կարգավիճակ, դեռ ի զորու չէ բացարձակապես ստրկացնելու անձը և հասարակությունը. իրական, բացարձակ ստրկությունն սկսվում է ստրկամտությունից և ավարտվում է ստրկահոգությամբ: Անձն ազատ է, եթե ստրուկ չէ հոգին: Ազատ հոգին, իր հերթին, հզոր գործոն է ստրկացած մտքի ազատագրման համար, իսկ երբ ազատ է միտքը, անձի կամ ազգի ստրկական կարգավիճակը դառնում է ժամանակավոր, ու լիակատար ազատագրումը՝ իր բոլոր հետևանքներով, ժամանակի հարց է միայն:
Միևնույն տրամաբանությամբ, բոլոր այն դեպքերում, երբ ստրկամտության ախտը, վարակելով միտքը, ախտահարում է և հոգին, ախտահարման աստիճանին համապատասխան նվազում և աստիճանաբար զրոյի է հավասարվում ազգի վարակամերժունակությունը (իմունիտետը)` ազատագրման հույսը: Ազատ կացությունը՝ ազատ մտքի, իսկ ազատ միտքը ազատ հոգու վրա կարող է հիմնվել միայն: Վերջին հաշվով, ազատության հիմքն ու նախապայմանն ազատ հոգին է: Ազատ հոգու պահպանումը, փաստորեն, ազատ կեցության պահպանումն է, այսինքն՝ ազատության պահպանման կամ ձեռքբերման առաջնահերթ և կարևորագույն գործոնը, ազատության, որի առկայությամբ միայն կարելի է նվաճել ազգային կենսունակ պետականություն ստեղծելու իրավունքը և կարողությունը:
...Հոգու ազատության ակունքը մեկն է` աներկմիտ հավատը: Հավատքն Աստծո նկատմամբ, հավատքը Նրա տիեզերական և հավիտենական ուժի նկատմամբ, Նրա բացարձակ արդարության, բարության, կատարելության նկատմամբ: Անմահ է այն անձը կամ ազգը, որի գոյությունը խարսխված է այս հավատքի վրա: Նա ենթակա չէ հոգեկան ստրկացման, քանզի այդպիսի ստրկությունը մահ է, վախճանը գոյի, անհարիր անմահության գաղափարին. իսկ Աստծո հավատքով տոգորված կյանքն իրապես անվախճան է, քանզի դրա բովանդակությունն է ազատ հոգին: Հետևաբար, Աստծո հավատքը կրող անձը կամ ազգն ազատ հոգի ունի, և եթե ազատ հոգի ունի, ստրկություն չի կարող ճանաչել. եթե ստրկություն չի ճանաչում, անմահ է նա:
Ահա թե ինչու են մեր նախահայրերը մեռել` ապրելու համար: ... Հավատո՞ւմ ենք դրան, հավատո՞ւմ ենք, որ Վարդանանք անմահ են, այսինքն՝ ապրում են իրական կյանքով՝ տիեզերական ու հավիտենական կատարելության կյանքով և ոչ թե մեր մտապատկերներում սոսկ, գրական կերպարներ իբրև և կամ որպես քարոզչության միջոց: Եթե հավատում ենք սրան, ապա պետք է հավատանք նաև, որ Աստված շնորհեց նրանց այդ կյանքը իրենց հավատքի միջոցով, որով կարողացան ազատ պահել հոգին: Եվ այդ իսկ պահից անմահ էին նրանք արդեն, քանզի մերժեցին ստրկությունը, այսինքն՝ մահը. ազատ հոգով ազատ պահեցին իրենց մտքերը. ազատ հոգու և ազատ մտքի թելադրանքով ընդունեցին նրանք գիտակցական մահը, այսինքն՝ հրաժարումը հոգևոր ստրկությունից, հետևաբար և անմահությունը՝ ըստ աստվածային բնության, որ նրանք ճանաչեցին Հիսուս Քրիստոսի Ավետարանով և Խաչով:
Չե՞նք հավատում սրան, ո՞ւր է, հապա, ո՞րն է ճշմարտությունը... Հավատում ենք, սակայն, սոսկ իբրև օգտակար մտահանգում, այլ ոչ թե իբրև բացարձակ ճշմարտություն: Այդ դեպքում կուզենայինք իմանալ, թե ինչու այդ «օգտակար մտահանգումը» օգտակար արդյունք չի տալիս: Եվ պատասխանում ենք. որովհետև սխալ է ու հակասական նմանօրինակ մոտեցումը: Այն, ինչ ճշմարիտ չէ, չի կարող օգտակար լինել, այն կարող է թվալ օգտակար, բայց չի կարող օգտակար լինել գործնականում իր արդյունքով և, մանավանդ, տևականորեն: Եվ վերջապես, եթե հավատում ենք դրա թե՛ ճշմարտացիությանը, թե՛ օգտակարությանը, ապա ինչո՞ւ չենք որդեգրում գաղափարն` իբրև գործունեության ուղեցույց, ի գիտություն և ի գործադրումն: Անհավատը տեսածին է հավատում, հավատացյալը՝ չտեսածին, բայց մի՞թե իրականում տեսնելու բան չկա: Պատասխանը՝ ֆիզիկապես, այո, չկա, բայց կա հոգեպես: Անհավատը չունի հոգու աչքեր, որ տեսնի այն, ինչ գոյություն ունի հավատացյալի համար:
Պատանքներ հագնենք այժմվանից, այլ ոչ թե վերջին պահին՝ ինչպես Սարդարապատ կռվելու գնացող էջմիածնական միաբանները: Պատանքներ հագնենք մեր մարմնի վրա՝ ժամանակ առ ժամանակ և մշտապես՝ մեր մտքի մեջ՝ որպես խորհուրդ, որպես հիշեցում, որպես դաստիարակություն և... հոգեկան մարզում:
Եթե պատանքներ հագներ ոչ թե մեր հազարից մեկը, այն էլ ոչ թե օրհասական պահին՝ արյունաքամ ու անպաշտպան Երևանի նախադուռ Սարդարապատում, այլ հագած լինեինք մինչ Սարդարապատը՝ Կարինում կամ Կարսի բերդում... և դեռ դրանից շատ առաջ, 1878-ից էլ առնվազն հարյուր տարի առաջ, և հագած լիներ ոչ թե հազարից մեկը, այլ գոնե մի զգալի մասը նրանց գլխավորությամբ, ովքեր պարտավոր էին այս մայրուղով ընթանալու օրինակ ծառայել ազգի համար, այն ժամանակ կունենայինք մեր ազգային Մայիսի 28-ը ոչ թե հանկարծակի, շվարած, արյունաքամ, անկենսունակ, մեկուսացված հողապատառիկի վրա, այլ կունենայինք գիտակցորեն նախապատրաստված Մայիսը՝ հզոր ու կենսունակ մի հողային ամբողջության վրա՝ համապատասխան որակական ու քանակական մեր ներկայությամբ, այն հարաճունորեն զարգացնելու մեր կարողությամբ և չէինք ապրի ֆիզիկական, քաղաքական ու բարոյական ազգային ողբերգությունը 1915 և 1920 թվականներին։
Պատանք կարող է հագնել հոգու պարտք զգացող հայը, և քանի որ այդ պատանումը հոգու հասկացողությամբ է, ապա դա մահվան հագուստ չէ, այլ կյանքի՝ իսկական, լիարժեք կյանքի...
Այժմ էլ, եթե այդ պատանքը հագնենք բոլորս և առանց սպասելու տասնմեկերորդ ժամի ազդին՝ յուրաքանչյուրս ազնվորեն լծվենք նախ և առաջ սեփական պարտականությունները կատարելուն, այդ դեպքում մեր ազգային գոյությունն այժմ հարցականի փոխարեն կստանա հաստատուն և կենսատու կյանքի հավիտենական երաշխիքը:
Եզրափակենք:
Անձի, ազգի ազատությունը պայմանավորված է հոգու ազատությամբ, հոգու ազատությունը պայմանավորված է Աստծո հավատքով. հայ ազգի համար Աստծո հավատքը Հիսուս Քրիստոսի Ավետարանի հավատքն է՝ Վարդանանց անմահության և մեր այսօրվա գոյության աղբյուրը. այդ աղբյուրը տվել է և կրկին կարող է կյանք տալ մեզ. այդ աղբյուրում ցողված դրոշն է, որ կարող է մեզ առաջնորդել՝ կերտելու մեր ազատ, ապահով ու բարգավաճ ազգապետությունը:
Անելիքնե՞րը:
. Վերանայումը մեր կենաց ընթացքի, որն ակներևորեն շեղվել է բնականոն հունից,
. վերանայումը մեր ազգային կառույցների և նրանց պարտավորությունների համակարգի,
. վերանայումը հայ անհատի և մանավանդ հայ առաջնորդի պարտավորությունների դրույթների և գործունեության գնահատման չափանիշների,
. վերանայումը այսօրվա ընդհանուր վերաբերմունքի՝ ազգային ներկա և հեռանկարային խնդիրների նկատմամբ,
. վերանայումը ազգի նկատմամբ մեր պարտավորությունների չափերի, ձևերի և միջոցների:
Այս վերանայումներն են, որ կառաջացնեն անհրաժեշտ փոփոխություններ մեր ազգային-հոգեբարոյական ըմբռնումների, հասարակական-քաղաքական հասկացությունների, ընկերային հարցերի մոտեցման և քաղաքացիական պարտաճանաչության մեջ, ինչպես նաև ազգային «մեծ» ու «փոքր», «առաջնային» ու «երկրորդական», «տեղական» ու «ընդհանրական» հարցերի և գործերի արժևորման մեջ՝ ստեղծելով ՊԵՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, անկախ նրանից, թե տվյալ պահին ունե՞նք ազգային իրավական պետություն և կամ Հայաստանո՞ւմ ենք ապրում, թե՞ ոչ:
ՈՒմի՞ց պետք է սկսվեն նշված վերանայումներն ու փոփոխությունները: Մեր կարծիքով, սկիզբը պետք է դնեն և իրենց խոսքով ու գործով օրինակ ծառայեն ազգային ազատ ոգին կրող, ազգի գիտակցությունն ու խիղճն ունեցող հայ անձինք և ազգային կառույցները:
Այս հարցում, նախաձեռնողների առաջապահներ որպես, մեր հայացքները պետք է ուղղված լինեին նախ և առաջ Հայաստանի ազատ եկեղեցու՝ մեր կղերի և ապա ազգային ոգին կրող հայ աշխարհիկ մտավորականի և ազգային գործչի վրա: Սակայն իրականում կարո՞ղ ենք այդ անել: Կարո՞ղ ենք նրանցից իրապաշտորեն ակնկալել վերոհիշյալ վերանայումների ու փոփոխությունների սկզբնավորման նախաձեռնությունը և, մանավանդ, իրենց կյանքով գործնականում օրինակ ծառայելը... Հայ իրականության մեջ մնում է, որ յուրաքանչյուրը քննի իրեն, և եթե իր ազգային գիտակցությունը և Աստծո առաջ խիղճը թելադրում են իրեն, որ ինքը պարտավոր է և կարող է ազգային վերածննդի ռահվիրաներից մեկը լինել, թող վերափոխի իրեն և փնտրի իր նմաններին: Երբ ստացվի անհրաժեշտ թիվը այդ որակի անձանց, թող միանան և սկսեն ազգի վերածննդի գործը Աստծո օգնությամբ:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ